Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՍԱԼՅՈՒՏԸ` ՆԵՐՍԻ՞Ց, ԹԵ՞ ԴՐՍԻՑ»

«ՍԱԼՅՈՒՏԸ` ՆԵՐՍԻ՞Ց, ԹԵ՞ ԴՐՍԻՑ»
12.07.2011 | 00:00

Էս նեղ մաջալին, երբ նոն-ստոպ տարբերակով տարածաշրջանը հայտնվել է ալամ աշխարհի ուշադրության կենտրոնում` Ղարաբաղի, Իրանի, «Նաբուկոյի» պատճառով, ներսում էլ, ոնց երևում է, գիշերաերազներով ու վարչապետախաբությամբ տառապողներն են «զմիմյանս» խառնվել. սեպտեմբերը գրգռում է առանց այդ էլ ամբիցիաներից գրգռված նրանց երևակայությունն ու ենթագիտակցական խորքայնությունը:
Հայտնի է` առանց քաղաքականության ոչինչ չի լինում: ՈՒ հարցը մնում է բաց. բոլոր դեպքերում` ո՞ւմ ջաղացին էր մկան էնիք` «Ֆորբսի» հրապարակումը, երբ, ճիշտ է, հայաստանյան տնտեսությունն ուրախ օրեր չի ապրում, սակայն այնպես էլ չէ, որ աշխարհում երկրորդ ամենավատն է, ու պետք է շուրջը նայել, թե ով ում է պատրաստվում ուտել… արդեն` ֆիզիկապես:
Այս դեպքում էլ կարծիքները կիսվում են. մի մասը կարծում է` հրապարակման ենթատեքստում գեոխաղ, ուրույն ճնշում կա Հայաստանի վրա, մյուսներն էլ թե` չէ-չէ մի, ողջ աշխարհը (Սաբինա Ֆրեյզերին հանած) Ադրբեջանին է ճնշում, «Ֆորբսն» էլ առանձին վերցրած` ի դեմս Ֆիշերի, բլոգերապես (պատասխան դեռ չի՞ եկել` էդ Ֆիշե՞րն է մտածում, թե՞ Ֆիշերին են «էդպես» մտածում), ճնշում ու ճնշում է Հայաստանին:
«Սալյուտը` ներսի՞ց, թե՞ դրսից» դիլեման փորձագետների հաջորդ խումբը լուծում է` հաճելին օգտակարի հետ միակցելով: Քանի որ «Ֆորբսն» ինքնին լուրջ ամսագիր է, հավանական չհամարելով Հայաստանի տնտեսության և վարչապետի վրա դրսից «տղա բերելու» վարկածը, վերջիններս պնդում են, որ քաղաքական նպատակներով դրսից գցված «կուտը» ներսեցիք անմիջապես, անզուսպ թռիչքով որսացել ու սկսել են պտույտ գալ հետը` թաքուն տռփալով ու ահավոր ուրախանալով «Ֆորբսի» ասածների վրա:
Իսկ ընդհանրապես, «Ֆորբսի» ու մեր հարաբերությունները մի տեսակ հետաքրքիր են ստացվում: Նախ` իր օրերում ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանն էր «նրան» (իմա` ամսագիրը) փորձում Հայաստան բերել, ինչ-ինչ պատճառներով չստացվեց:
Հետո գործին ձեռնամուխ եղավ նույնքան ոչ անհայտ, «ադրբեջանահպատակ» «Լուկօյլ» հայտնի ընկերության հետ համագործակցող-պակետատեր, երբեք վարչապետ չսիրող (Անդրանիկ Մարգարյանից էլ առավել` Տիգրան Սարգսյան չսիրած), Ռոբերտ Քոչարյան շատ սիրող, 2003-ին ԱԺ խորհրդարանական ընտրություններին քինդեր-սյուրպրիզ դարձած, 2007-ին մի քանի «դույզն-ինչ» տոկոսներ չհավաքած ՄԱԿ-ի («Ա՜Խ»-ի անդա՞մ) Գուրգեն Արսենյանը:
Նա ևս փորձեց ստեղծել «Ֆորբս Հայաստանի» ամսագիրը, ընդ որում, մի քանի համար թողարկվեց, առաջին համարում նախագահական և խորհրդարանական «ընտրությունների գնացող» Սերժ Սարգսյանի մասին հետաքրքիր, այսպես ասած, «տնտեսական ցուցանիշներ» զետեղվեցին, իսկական «Ֆորբսն» արձագանքեց և ասաց` ինքն ու Պետրոս Ղազարյանը` հե՜չ, ոչ մի կապ չունեն սույն ֆորբսության հետ, չեն տվել իրենց համաձայնությունը, որպեսզի ամսագրի հայաստանյան «պրոտոտիպը» համասփռվի, այլուր և ամենուր, դա մի ուրիշ ամսագիր է, որն էլ մի քանի համար «թողարկացցվելուց» հետո լռեց` հավիտյանս հավիտենից:
«Երբ, ինչու, ումով» է այս մի ընտրություններից առաջ եղել այս մի «թողարկումը»` փորձագետները չեն շտապում եզրակացություններ անել, բայց կարծում են, որ ինչ-որ բան, բոլոր դեպքերում, այն չէ, ու սպասում են, թե ինչ է պատասխանելու «Ֆորբսը» հրապարակման առնչությամբ. այն իսկապե՞ս ամսագրի լուրջ, հետևողական, արգումենտացված հետազոտությունների արդյունքում է ծնվել, թե՞ Ֆիշերն է այն «ծրարել»` օգտվելով հայտնի չափաբանությունից. Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը… Որից հետո կկայացվի վերջնական «վերդիկտը»` պատճառահետևանքային բացատրություններով ու բաղկացուցիչներով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ